Եթե Թուրքիան պատժվեր Ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչությունը Սիրիայում. դեսպան

Նորա Արիսյանն ընդգծեց` Սիրիայի ժողովուրդը Հայոց ցեղասպանության առաջին ականատեսն է եղել, առաջիններից է, որ ցեղասպանությունից փրկված հայերին սրտաբաց ընդունել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչական գործողությունները Սիրիայում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այս հայտարարությունն արեց Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Սիրիան 12 տարի դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում»,- ասաց դեսպանը:
Արիսյանը հիշեցրեց, որ 2020 թվականին Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կոչ արեց բոլոր այն երկրներին հետևել իր օրինակին:
«Սիրիայի ժողովուրդը Հայոց ցեղասպանության առաջին ականատեսն է եղել և առաջիններից է, որ ցեղասպանությունից փրկված հայերին սրտաբաց ընդունել է: Այսօր մեզ հետ այստեղ է Սիրիայի Ազգային ժողովի պատվիրակությունը, և նրանք նույնպես եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին, աջակցելու և կրկին հիշատակելու, որ ցեղասպանությունը միայն պատմական արարք չէ, ու այն պետք է ճանաչել»,- նշեց դեսպանը:
Հիշեցնենք` այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։