ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երբ մեկնարկած սահմանազատման գործընթացը հասնի վիճելի հատվածների, բանակցություններ կսկսվեն։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Խոսելով Տավուշում մեկնարկած գործընթացի մասին՝ Քոչարյանը նշել է, որ նախ այս հատվածում հաստատվելու է պետական սահմանը, հաջորդ քայլը կլինի պաշտպանության ապահովումը սահմանապահ ուժերի միջոցով։
«Սրանից հետո կշարժվենք սահմանի ամբողջ երկայնքով։ Բնականաբար, փոփոխություններ կլինեն, կհասնենք հատվածներին, որտեղ վիճելի խնդիրներ կան, մեր ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժեր կան, բանակցային գործընթաց կսկսվի, որ բնագծերը ճիշտ կառուցվեն, կողմերն ընդունեն՝ ինչն իրենցն է՝ իրենցն է, ինչը մերն է՝ մերն է»,- ասել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ հնարավոր է՝ վիճելի հատվածները սկզբնական փուլում շրջանցենք, հետո շարունակենք։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է որոշվելու՝ որն է մերը, որը՝ նրանցը, ըստ Քոչարյանի՝ որպես հիմնավորում ներկայացվելու են բազմաթիվ իրավական փաստաթղթեր և քարտեզներ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։