Եկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արել

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X–ի միկրոբլոգում։
«Այսօր Ֆրանսիան նշում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանա՛նք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,– գրել է Մակրոնը։
Հիշեցնենք` այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։