Դա մեր պետականության տապանաքարն է. տավուշցիները` Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին

Մելքոն Թամրազյանն ու Կարեն Ղազարյանը
Sputnik Արմենիան զրուցել է տավուշցիների հետ, որոնք այս օրերին պայքարում են ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանազատման գործընթացի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած սահմանային առաջին հենասյունը մեր պետականության տապանաքարն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը, որն այս օրերին ակցիաներ անող տավուշցիներից մեկն է։
Փաշինյանն ապրիլի 23-ին ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
«Հրապարակելով սահմանային առաջին հիմնասյան լուսանկարը` ՀՀ իշխանությունն ուզում է մարդկանց մեջ պաշտպանունակությունը, պայքարը կոտրել, գոյության բնազդը մարել»,– ասաց Ղազարյանը։
Նա վստահ է` եթե առանց հոգնելու պայքարենք, ապա արդյունք անպայման կլինի։
Կարեն Ղազարյան
«Մեր պահանջն է հետ կանգնել այդ պարտվողական, նահանջողական քաղաքականությունից։ Ամեն ինչ պետք է անենք, որ իշխանությունները չհանձնեն մեր հայրենիքը, հետ կանգնեն, իսկ եթե դա չեն անում, հեռանան։ Այդ երկու տարբերակի համար ենք մենք պայքարում»,– նշեց նա։
Հաղարծին գյուղի բնակիչ Մելքոն Թամրազյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ պայքարելու են այնքան, մինչև հարցն արդարացի լուծում ստանա։
«Այսօր մայրաքաղաքը ոչ թե Երևանն է, այլ Տավուշը։ Այսօր մենք այստեղ հայրենիքի մի կտորի համար ենք պայքարում, որի արդյունքը Երևանում ապրողը ավելի ուշ կզգա իր մաշկի վրա»,– նշեց նա։
Ըստ Թամրազյանի` եթե այսօր դաշտերն ազատում են ականներից, ապա դարպասներն ուղղակի բացում են նոր ցեղասպանության առաջ։
Մելքոն Թամրազյան
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։