Առաջին քարն էր գերեզմանի. Բագրատ սրբազանը` Տավուշում տեղադրված սահմանային սյան մասին

Տավուշի թեմի առաջնորդը նշեց, որ երկրում կովերի կեր ստուգող, ֆուտբոլի ցանցեր ստուգող և բասկետբոլ խաղացող կա, բայց կառավարություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայ–ադրբեջանական պետական սահմանին տեղադրված առաջին սահմանային սյունը Հայաստանի գերեզմանի առաջին քարն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիիկոլ Փաշինյանը ապրիլի 23–ին սոցցանցերում լուսանկար էր հրապարակել` հայտարարելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
«Առաջին քարն էր գերեզմանի։ Բացի ներքին տառապանք ու ցավ ապրելուց, այլ բան չեմ կարող ասել։ Այս ամենը ստի ու խաբեության մասին է։ Մեր երկրում իշխանություն, սեփական իշխանություն, ինչպես նաև կառավարություն գոյություն չունի, որովհետև իր ժողովրդից քվեներ է մուրացել, ստելով հետ է եկել ու հիմա ահաբեկում է։ Կովերի կեր ստուգող կա, ֆուտբոլի ցանցեր ստուգող կա, բասկետբոլ խաղացող կա, բայց կառավարություն չկա»,– ասաց սրբազանը։
Անդրադառնալով ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցած ձերբակալություններին, ոստիկանների կողմից կիրառված բիրտ ուժին, Սրբազանը շեշտեց` մարդիկ կոտրված չեն, քանի որ ամեն ինչ գիտակցում են։
«Մենք գիտենք, որ կարող են ձերբակալել, հարվածել, ջարդել։ Ծաղիկ չէին բաժանելու, կոնֆետներ չէին հյուրասիրելու։ Այս պայքարը ստի և ճշմարտության մասին է։ Որոշվում է, թե ում ենք ծառայելու»,–ասաց նա։
Հարցին` ինչպես է պատկերացնում ստեղծված իրավիճակի ընթացքը, սրբազանը շեշտեց` ամեն ինչ պարզ է` ճշմարտության հաղթանակը պետք է լինի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։