Ապրիլի 24-ին Մատենադարանում բացվեց «Ավրորա» մրցանակի մատենագրության ցուցադրությունը

Սա 21-րդ դարի առաջին հայկական ձեռագիրն է, որը ստեղծվել է Մատենադարանում։ Այն ներկայացնում է մարդասիրական նախաձեռնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ից մայիսի 24-ը Մատենադարանում կցուցադրվի 21-րդ դարի եզակի ձեռագիրը՝ «Ավրորա» մրցանակի տարեգրությունը։
Այս տարեգրությունն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2018 թվականի ապրիլի 24-ին և մանրամասներ է պարունակում մարդասիրական նախաձեռնության գործունեության մասին: Փաստաթղթում պարբերաբար նոր գրառումներ են կատարվում «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների մասին, որոնք արտացոլում են նրանց ներդրումն ու ձեռքբերումները:
«Ավրորա» մրցանակի մատենագրությունը
Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ուսումնասիրել մարդասիրական մրցանակի պատմությունը, ինչպես նաև ծանոթանալ Ավրորա Մարդիգանյանի քանդակի ստեղծման մանրամասներին (քանդակագործ՝ Վիգեն Ավետիս):
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը տեղեկացրել է, որ հանրային ցուցադրությունից հետո ձեռագիրը կհանձնվի Մատենադարանին, որտեղ արդեն պահվում է ավելի քան 20 000 ձեռագիր:
Ջիլավյանը նաև պարզաբանել է, որ Ավրորա Մարդիգանյանի քանդակի (որը շուտով կտեղադրվի Երևանում) էսքիզը ներառված է պաշտոնական տարեգրություններում, քանի որ այն հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունի որպես արիության և վերածննդի խորհրդանիշ:
«Այս քանդակը նոր կյանք և վերածնունդ է խորհրդանշում։ Հետևի կողմում պատկերված են աքսորյալ կանայք, այդ թվում՝ Ավրորան։ Դիմերեսը նվիրված է միայն նրան՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին՝ որպես բարության և փրկության խորհրդանիշ», - նշել է քանդակագործ Վիգեն Ավետիսը։
Նշենք, որ «Ավրորան» միջազգային մարդասիրական մրցանակ է։ Դրա առաքելությունն է ճանաչել և աջակցել այն մարդկանց, որոնք վտանգում են իրենց կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ կյանքեր փրկելու և զինված հակամարտությունների, մարդկության դեմ հանցագործությունների և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետևանքով տուժած այլ մարդկանց առողջությունն ու ազատությունը պաշտպանելու համար: