ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանը ստիպված է պայքարել իր ազգային շահերի համար, որոնք փորձում են խլել փաստերը խեղաթյուրելու և պատմությունը վերաշարադրելու միջոցով։ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացման աջակցության նոր ոչ առևտրային կազմակերպության շնորհանդեսի ժամանակ այս հայտարարությունն արեց բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Միկա Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող կազմակերպություն է ստեղծվել, որի նպատակն է ամրապնդել հետխորհրդային տարածքի երկրների գործարար և մշակութային կապերը:
Բադալյանն այս համատեքստում կարևորեց ջանքերի ակտիվացումը՝ նշելով «Եվրասիա» կազմակերպության պես նախաձեռնությունների պակասը:
«Փափուկ ուժի մասին խոսակցություններից և գեղեցիկ գաղափարներից պետք է անցնել կոնկրետ գործողությունների և որոշումների։ Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը՝ մենք պետք է արագ և վճռական գործենք», - հայտարարեց Բադալյանը։
Sputnik Արմենիա ռադիոկայանով հեռարձակվող «Աբովյան Time» հաղորդման հեղինակ Արման Աբովյանն էլ իր հերթին նշեց, որ եվրասիական օրակարգը պետք է և լինելու է առաջնային այն պայմաններում, երբ աշխարհաքաղաքական նոր սահմաններ են գծվում։
«Եվրասիական նախաձեռնությունը որևէ կերպ չի նախատեսում երկրների անկախության կամ ինքնիշխանության ոտնահարում», - ասաց Աբովյանը:
Նրա խոսքով՝ եվրասիական օրակարգին աջակցող երկրների դեմ համընդհանուր ահաբեկչական և տեղեկատվական պատերազմի պայմաններում այս թեման դառնում է հատկապես արդիական և կարևոր:
«Այս գործընթացն ու նախաձեռնությունն առանցքային դեր պետք է խաղան», - հայտարարեց նա։
«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպությունը կամրապնդի հետխորհրդային տարածքի երկրների գործարար և մշակութային կապերը, կաջակցի երիտասարդներին, գործարարներին, մարզիկներին, մշակույթի, գիտության և կրթության գործիչներին, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրներին միավորող այլ ոլորտների ներկայացուցիչներին:
Կազմակերպության աշխատանքը կընդգրկի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են մշակույթն ու կրթությունը, տնտեսությունն ու բիզնեսը, տեղեկատվական միասնական տարածքը, միջկրոնական համագործակցությունը, սպորտը և զբոսաշրջությունը, միավորող պատմական ժառանգության պահպանումը: