Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել

Sputnik
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մտադիր են երեխաների համար անիմացիոն ֆիլմ ստեղծել, որպեսզի նրանց համար ավելի ընկալելի դառնա, թե ինչ է Ցեղասպանությունը և ինչ են վերապրել իրենց հասակակիցները 109 տարի առաջ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը` ներկայացնելով թանգարանի նախաձեռնած կրթական ծրագրերը։
Գզոյանի խոսքով` ֆիլմում նախատեսվում է ներկայացնել որբանոցում հայտնված երեխաների ճակատագրերը, նրանց բռնի կրոնափոխությանը, նաև` մանուկների պայքարի պատմությունները` հանուն իրենց ազգային ինքնության պահպանման։
«Ուզում ենք, որ այդ հերոսական պահերը շեշտվեն, որ նոր սերնդի մեջ այդ հերոսությունը վերածնվի։ Չմտածեն, որ մենք ազգ ենք, որի հետ միշտ պետք է վատ բաներ լինեն։ Հասկանան, որ միայն զոհը չէ, միայն տրավման չէ, որ եղել են նաև հերոսություններ, որոնց շնորհիվ մենք այսօր կանք»,– ասել է Գզոյանը։
Թվայնացման գործընթացքում նախատեսվում է նաև լուսանկարներն ու տեքստերը փոխարինել ավելի շատ անձնական իրերով` անձնավորելով Ցեղասպանության զոհերի ու վերապրածների անհատական պատմությունները։