Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան

Sputnik
Տավուշի սահմանին այսօր տեղի ունեցողը շատ հեռու է սահմանազատման աշխատանք լինելուց։ Դա Ադրբեջանի միակողմանի պատրադրանքն է, որը Հայաստանի իշխանությունները խոնարհաբար կատարում են։ Sputnik Արմենիային ասել է Հայ-վրացական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը։
«Դա Ադրբեջանի ղեկավարության քաղաքական թելադրանքն է։ Իրենք գծել են, իրենք տեղադրում են էդ սյուները և հանձնարարել են, որպեսզի ՀՀ իշխանությունները կատարեն»,– ասել է Հակոբյանը։
Տավուշում բնակչության բուռն դժգոհության ու բողոքի ակցիաների ֆոնին, ոստիկանական ուժերի հսկողությամբ ընթացող սահմանազատման աշխատանքների արդյունքում երեկ սահմանին դրվել է սահմանային առաջին սյունը։
Այս իրադարձության մասին առաջինը սոցիալական հարթակում շտապել էր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գրելով. «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը»։