ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ հանդիպմանը տեսել և զգացել են, որ այն ինչ կատարվում է, նախօրոք ասված է, նոր բան չէր ավելանալու։
«Կոնկրետ Ոսկեպարի մասով ականազերծման աշխատանքներն արդեն գնում են , այսօր էլ երևի կավարտեն։ Մնացածը, որտեղ վիճելի տարածքներ են, մեզ ասացին, որ դրանք հետո են անելու, անկլավը` ևս։ Ասացին` հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, մի բան, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից, կցանկանա՞ արդյոք հանրաքվե անի, թե՞ ոչ։ Սահմանազատումը լինելու է, վերջում լուծվելու է վիճելի տարածքների հարցը։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ»,–ասաց Աղբալյանը։
Նա ընդգծեց, որ ոսկեպարցիներն իրենց դիրքորոշումը հայտնել են և սահմանազատման հանձնաժողովից դուրս են եկել։
Աղբալյանն ավելացրեց, որ բնակիչների հետ խորհրդակցելու է, և իրենց առաջիկա անելիքները կհանրայնացնեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։