Ծիծեռնակաբերդ այցը պրոտոկոլի մաս չէ՞. Ղազախստանի նախագահը հուշահամալիր չի այցելել

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Երևան. Արխիվային լուսանկար
Թերթն այս հարցով դիմել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան եկած Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այդպես էլ չի այցելել Ծիծեռնակաբերդ, որը մինչ այս պարտադիր էր գրեթե բոլոր պետական այցերի ժամանակ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել էինք, որ ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նա հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԱԳՆ՝ պարզելու՝ Ղազախստանի նախագահի այցի շրջանակներում ինչո՞ւ չի նախատեսվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այց և հարգանքի տուրքի մատուցում: Հետաքրքրվել են՝ հայկական կողմից Ղազախստանի նախագահին ք նման առաջարկ արվե՞լ է, գուցե նա՞ է մերժել:
«ՀՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, թե Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ։ Պաշտոնական այցերի ծրագիրը կազմվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի ընդհանուր օրակարգը և քննարկվելիք հարցերի շրջանակը»,–պատասխանել են գերատեսչությունից:
Թերթը գրում է, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
«Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել, ու Ծիծեռնակաբերդ այցը այլևս պարտադիր չէ: Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ Ցեղասպանությունը և դրա զոհերի թիվն ու ինքնությունը կասկածի տակ դնող հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ հենց նրանց նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` Տոկաևը ապրիլի 15–ին պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։