ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի ելույթը Արդարադատության միջազգային դատարանում, մեղմ ասած` կոռեկտ չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` հիշեցնելով, որ Բաքվում անօրինական պահվող հայ պատանդների շարքում դեռ կան մարդիկ, որոնց մեղքն ապացուցված չէ նույնիսկ Ադրբեջանի դատական համակարգի կողմից։
Հայտնել ենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ հայտարարել է, իբր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր կալանավորված զինվորականներին` բացառությամբ ծանր հանցագործություններ՝ սպանություններ, խոշտանգումներ, ահաբեկչություն և անջատողականություն կատարածների։
«Կան մարդիկ, որոնք անգամ Ադրբեջանի կախյալ, կողմնակալ և հայատյացության միջավայրում գործող դատարանների կողմից դատապարտված չեն, ուստի այդ պաշտոնյան առնվազն պետք է հարգեր անմեղության կանխավարկածը։ Մյուս կողմից, այդ մեղադրանքները շինծու են ու չեն արտացոլում իրականությունը, և այդ անձանց չվերադարձնելու համար Ադրբեջանը նրանց ծանրագույն մեղադրանքներ է ներկայացնում` պատերազմական հանցագործության մեղադրանքից խուսափելու համար»,– արձանագրում է Սահակյանը։
Իրավապաշտպանը վստահ է` հայ գերիների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում նախաձեռնվում են քաղաքական բարձր ղեկավարության պատվերով։ Իրավապահ համակարգը սպասարկում է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, հրահանգներ կատարելուն սովոր դատավորներն էլ վավերացնում են նույն այդ քաղաքական որոշումները։
«Մենք իսկապես գործ ունենք ոչ թե քաղաքական գործընթացների, այլ քաղաքական պատվերների հետ»,– շեշտում է Սահակյանը։
Ինչ վերաբերում է միջազգային դատարանին, իրավապաշտպանը չի կարծում, թե Մամեդովի կամ ադրբեջանցի այլ պաշտոնյաների ելույթներն ի զորու են ազդել դատավորների վրա։ Մասնագիտական եզրահանգումների հիմքում, նրա համոզմամբ, լինելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ փաստերն ու ապացույցները։
«Հանրության համար սրանք կարող են համոզիչ ելույթներ լինել, սակայն դատավորները կաշկանդված են լինելու փաստերով և ապացույցներով»,– կարծում է Սահակյանը։
Հիշեցնենք` ապրիլի 15-26-ը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը լսում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերով բանավոր լսումները։
Հայաստանից դատարան ներկայացված միջպետական բողոքը վերաբերել է, մասնավորապես, ատելության և այլատյացության քարոզչությանը, տասնյակ տարիներ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության կոնկրետ դրսևորումներին ու փաստերին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանում հայտարարել է, որ Ադրբեջանում երեխաներին դպրոցական դասագրքերը սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական հեռուստաալիքները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները նվաստացնում են հայերին և իսպառ վերացնելու կոչեր անում։
Կիրակոսյանը նշել է, որ այդ ամենը պետական մակարդակով հովանավորվող ռասիզմ է մի միջավայրում, որտեղ խաղաղ պայմաններում հային կացնահարած մարդասպանին մեծարում են որպես ազգային հերոսի։