«Մալաթիա» շուկայում նախկինում հայտնաբերված բազմաթիվ խախտումները վերացվել էին

Դեռ նախորդ տարի շուկայում տեղադրվել էին կրակմարիչներ, ներքին ջրամատակարարման ցանցը վերազինվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Մալաթիա» շուկայում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ խախտումները վերացնելու շնորհիվ հնարավոր է եղել կանխել բռնկված հրդեհի հետագա տարածումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ հիշեցնելով, որ դեռ նախորդ տարի շուկայի գործունեությունը դադարեցվել էր, ընկերությանը կարգադրագիր էր տրվել՝ ինչ աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել։
Հետագայում ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ ընկերության կողմից մեծածավալ աշխատանքներ էին իրականացվել հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ, մասնավորապես՝ տարահանման ճանապարհների առաստաղները փոխարինվել էին չայրվող նյութով, ներքին ջրամատակարարման ցանցը վերազինվել էր, առևտրի կենտրոնի տարածքը համալրվել էր կրակմարիչներով և այլն։
Տեսչական մարմինը դրանից հետո թույլատրվել էր վերսկսել ընկերության աշխատանքները։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին շուկայում հրդեհ էր բռնկվել։ Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ իրականացված աշխատանքների արդյունքում հնարավոր էր դարձել նախնական հրդեհաշիջում և հրդեհի տարածման կանխարգելում իրականացնել, որը թույլ էր տվել խուսափել հետագա հնարավոր վատ հետևանքներից։