ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին ասել է ինքը` վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
Պատճառն այն է, որ երեկ կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։
Կառավարության ներկայացուցիչները չեն համաձայնվել համայնքների ղեկավարների առաջարկին և, ըստ այդմ` նա հայտարարել է, որ ուզում է ուզում է հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:
Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: