ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Նոյեմբերյանում ճանապարհ փակած ցուցարարներին միացավ նաև Բագրատ սրբազանը և կոչ արեց ցուցարարներին ինքնագործունեությամբ չզբաղվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում Նոյեմբերյանում` դեմ արտահայտվելով հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։
«Երեկ գիշեր մենք խոսել ենք երիտասարդների հետ և որոշակի ծրագիր ենք մտածել։ Իմ հորդորն է, որ որևէ ինքնագործունեություն տեղի չունենա»,–ասաց նա։
Սրբազանն ընդգծեց, որ եթե ինչ–որ մարդիկ խմբերով գոռալով գան և փորձեն մարդկանց էմոցիաների հետ խաղալ, տեղի չտան, քանի որ նրանք կապ չունեն այս ակցիաների հետ, ներդրված մարդիկ են։
«Կանոնավոր բանակի պես պետք է գործենք։ Ցաքուցրիվ տալով, պատեպատ տալով ոչ մի բան չի լինելու։ Ես ակտիվ քաղաքացիներին կոչ եմ անում 4–5–հոգանոց խորհուրդ կազմել... Եթե մենք ունենք ասելիք կամ անելիք, դա պետք է լինի միմիայն հաղթանակի մասին։ Էս պայքարն ու կռիվը ստի և ճշմարտության միջև է»,–ասաց նա։
Նա կոչ արեց բոլորին համախմբվել ու իջնել Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակ։
Ոստիկանությունը Բագրատ սրբազանի խոսքի ընթացքում 2 անգամ ձայնագրություն միացրեց, որպեսզի քաղաքացիները բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ցանկանան, այդ ժամանակ էլ կգնան ու ճանապարհը կբացեն։
«Գնացեք այդ հայտարարությունները Ոսկեպարում արեք։ Ձեր ղեկավարությունն է հասցրել այստեղ։ Մենք անվստահություն ենք հայտնում այսօրվա գործող իշխանությանը, այլ ճանապարհ չի մնացել մեզ»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։