ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Դավիթ Տոնոյանին

Պաշտպանության նախկին նախարարն իր մտահոգություններն է ներկայացրել քրեական վարույթի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մանասյանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այցն ունեցել է խորհրդապահական բնույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանն ապրիլի 19-ին դիմել էր ՄԻՊ աշխատակազմ` հանդիպում պահանջելով Մանասյանի հետ։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։