ՀՀ իշխանությունը գերիների հարցում ընդունել է ադրբեջանական խաղի կանոնները. Սահակյան

Արցախի նախկին ղեկավարները, որոնք գերության մեջ են Ադրբեջանում
Իրավապաշտպանի խոսքով` Բաքուն ոչ մարդասիրական քայլեր է ձեռնարկում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Նրա կարծիքով` ՀՀ–ն Արցախի նախկին պետնախարարի ու մյուս գերիների հարցում պետք է առնվազն հյուպատոսական գործառույթներ իրականացներ երրորդ երկրների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունները Բաքվում պահվող գերիների հարցում ընդունել են ադրբեջանական խաղի կանոնները, ինչը քաղաքականացրել է գերիների վերադարձի հարցը, և դրան մոտենում են բացառապես բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։ Ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանին թույլ էին տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանը հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել:
«Կարծում եմ` ՀՀ իշխանություններն այս պահին անմիջականորեն, ուղիղ կերպով չեն զբաղվում ռազմագերիների և այնտեղ պահվող մյուս քաղբանտարկյալների խնդրով։ Այս հարցը երկրում շատ ստորադասված է»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն էլ ամբողջությամբ անտեսում է մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, և հատուկ միջոցներ է ձեռնարկել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին չխոսելու ու դրա հետևանքով առաջացած վիճակը թաքցնելու համար։
«Բավական չէ, որ Ռուբեն Վարդանյանին ու այնտեղ գտնվող մյուս հայերին ապօրինի պահում է ազատազրկման մեջ, նաև միջազգային հանրությունից քողարկում է այդ անձանց իրավունքների խախտումներով պայմանավորված միջոցառումները և ավելի խստացնում արտաքին աշխարհի հետ կապը»,– ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ հացադուլն անձի արձագանքն է իր նկատմամբ տեղի ունեցող խախտումներին, որով նա ուշադրություն է հրավիրում այդ խնդրին։
Բացի այդ, պետությունը պարտավոր է հացադուլի մասին տեղեկացնել, իսկ հացադուլավորի առողջության նկատմամբ ուժեղացնել հսկողությունն ու նրա կապը արտաքին աշխարհի հետ։
Մինչդեռ Ադրբեջանը, հակառակը, սահմանափակել է կապը Վարդանյանի ընտանիքի և միջազգային կառույցների հետ։
Ստեղծված իրավիճակում Սիրանուշ Սահակյանը կարևորում է միջազգային կառույցների դերը։
«Պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանն ապահովի այդ կառույցների ներկայությունն ու այցելությունները։ Իհարկե, այստեղ անելիք ունի նաև ՀՀ–ն։ Մենք գործ ունենք հայ բանտարկյալների հետ, որոնք պատանդ են և զրկված են կենսական իրավունքներից։ ՀՀ–ն առնվազն հյուպատոսական գործառույթներ պետք է ապահովեր Բաքվում ապօրինի պահվող իր քաղաքացիների հետ` երրորդ երկրների միջոցով»,- նշեց իրավապաշտպանը` հավելելով, որ դա կարող են անել խաղաղության գործընթացի ջատագով երկրները, որոնք քաղաքական աջակցություն են հայտնում այդ գործընթացին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորականներ են և համարվում են ռազմագերի, մյուսները քաղաքացիական անձինք են, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար։ Իրավապաշտպաններն այս հանգամանքը հաշվի առնելով` նրանց դիտարկում են ոչ միայն իբրև պատանդներ, այլև քաղբանտարկյալներ։