ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ Նշվում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։
Նախագծի մեկ այլ կետով էլ նշվում է, որ սահմանազատման ժամանակ ելակետ պետք է լինեն 1993 թվականի սեպտեմբերին ԱՊՀ-ին անդամակցելու պահին Ադրբեջանի փաստացի սահմանները, այսինքն` շփման գիծը, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը սահմանազատման և սահմանագծման առաջնային հիմքն է։ Ըստ հայտարարության` Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան ուժի կիրառման սպառնալիքով տարածքային զիջումներից։
Ընդդիմությունը նախագծի շրջանակում նաև կոչով դիմում է միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ–ի անդամ երկրների խորհրդարաններին պաշտպանել ՀՀ Ազգային ժողովի վերը նշված դիրքորոշումը, դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված և շարունակվող ագրեսիաներն ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Նշում են նաև, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ ագրեսիան զսպելու, ինչպես նաև Ադրբեջանին խաղաղ բանակցային գործընթացում ներառելու համար։
Կոչով դիմում են նաև աշխարհասփյուռ հայությանը` ջանքեր գործադրել միջազգյաին հանրությանը մղելու ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի իրավունքները վերը նշված դիրքորոշմանը համապատասխան պաշտպանելու հարցում։