Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Տավուշի մարզ
Կոորդինատների ճշտման գործընթացն իրականացվում է` հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Գործադիրը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։