ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել։ Լրագրողը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ երբ հասել է «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ, իրեն թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։
«Պատճառը չեն ասում ու որոշում ցույց չեն տալիս։ Ես մասնակցել ու վիրավորվել եմ Արցախյան առաջին պատերազմում, որից հետո երկար տարիներ ապրել եմ ՀՀ–ում։ Ես գնացողը չեմ, ինչքան էլ որ ասեն` ձրի նստի ինքնաթիռ ու հետ գնա։ Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ Հայաստանին, նրա համար վիրավորվել եմ, նրա համար արդեն երկու տարի է` այստեղ եմ ու այստեղ էլ կմեռնեմ։ Ես առողջական բազմաթիվ խնդիրներ ունեմ. միգուցե ինձ ստիպողաբար նստեցնեն ինքնաթիռ, սակայն ես գնացողը չեմ»,– հայտարարեց Նիկոլյանը։
Նա իր խոսքում նշեց, որ եղել է Ոսկեպարում, և միգուցե դա դուր չի եկել ՀՀ իշխանություններին։
Նիկոլյանը պատմեց, որ մայրը վատառողջ է եղել, ստիպված մեկնել է Փարիզ, ապա որոշել է վերադառնալ Հայաստան։
«Զանգում է իմ փաստաբան Հայկ Ավագյանը և ասում, որ ապրիլի 25–ին պետք է դատարան ներկայանամ երկու տարի առաջ ինձ վրա հարուցված գործով։ Ես միայնակ չեմ եկել, այլ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիան դը Լոքյուի և ֆրանսիացի բիզնեսմեն Անդրե Դիրելի հետ։ Ի դեպ, վերջինս ՀՀ–ում ցանկանում է ներդրումներ անել ու աշխատատեղեր բացել։ Իրենք անցել են անձնագրային ստուգումը, ես` ոչ»,– ասաց նա։
Լրագրողը համոզված է, որ սա քաղաքական հարց է, քանի որ ինքը Ոսկեպարում շուրջ մեկ ամիս տեսանյութեր է պատրաստել։ Նրա վստահեցմամբ` մինչ օրս երբեք նման խնդրի առաջ չի կանգնել, որ իրեն թույլ չտան մուտք գործել ՀՀ։
«Ինձ երեկ զանգել է մի մարդ ու ասել, որ ես այն նույն ցուցակի մեջ եմ, ինչ Մուրադ Փափազյանը և մյուսները, որոնց մուտքը ՀՀ արգելված է։ Թե ինչ կապ ունեմ ես այդ մարդկանց հետ, չեմ հասկանում, մանավանդ ես կուսակցական չեմ»,– ասաց նա։
Նիկոլյանը նշեց, որ այսօր իրեն այցելել են բժիշկներ ու ասել են, որ ճնշումը լավ չէ։ Բացի այդ, իր հետ կապվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, իսկ Նիկոլյանն իր հերթին փորձում է կապ հաստատել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության հետ, որ դեսպանությունից գան օդանավակայան ու տեսակցեն իր հետ։
«Իմ հացադուլն անժամկետ է. կա՛մ ես մտնելու եմ ՀՀ, կա՛մ ես մեռնելու եմ այստեղ, ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում»,– ընդգծեց Նիկոլյանը։
Լրագրողի տեղեկություններով` մարդիկ ուզում են գալ օդանավակայանի մոտ ու բողոքի ակցիա անել իր համար։
Լեո Նիկոլյան
© Sputnik / Stringer