Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի

Երևան–Սևան ճանապարհ
Ակցիայի մասնակիցները կրկին դուրս են գալու պայքարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևան–Սևան–Երևան (Մ4) մայրուղին, որը քաղաքացիները փակել էին ավտոմեքենաներով, բացվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևանի թերակղզու մոտ բողոքի ակցիա է իրականացվում ի աջակցություն Տավուշի մարզում պայքարի դուրս եկած քաղաքացիների, որոնք դեմ են սահմանազատմանը։
«Մենք հարգում ենք բոլորին, այժմ բացում ենք ճանապարհը։ Բազմաթիվ քաղաքացիներ գնում են ջահերով երթի, չխոչընդոտենք նրանց»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքվածները վստահեցրին, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու, իրենց կրկին դուրս են գալու պայքարի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։