ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ այնտեղ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` ՄԻՊ-ն արձագանքել է սոցիալական հարթակներում, ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, ըստ որի՝ հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։
Բացի այդ, պաշտպանի աշխատակազմը նաև տեղեկություններ է ստացել, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք: Արագ արձագանքման խումբ է մեկնել բաժիններ՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
«Պաշտպանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ոստիկանությանը և հավաքի անցկացման վայրում գտնվող բոլոր անձանց ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։