ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Բայկալ-Ամուրյան մայրուղին պատմականորեն անհրաժեշտ էր Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայրուղու կառուցման 50-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառման ժամանակ՝ շնորհավորելով տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչներին։
«Կես դար առաջ տրվեց յուրահատուկ տրանսպորտային երթուղու՝ լեգենդար Բայկալ – Ամուրյան մայրուղու կառուցման մեկնարկը։ Այս նախագիծը պատմականորեն անհրաժեշտ էր մեր երկրին. դեռևս 19-րդ դարում հայտնվեցին Անդրբայկալի և Ամուրի շրջանի տրանսպորտային զարգացման առաջին առաջարկները, 20-րդ դարի սկզբին ուսումնասիրվեց ապագա վիթխարի շինարարության աշխարհագրությունը», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Բայկալ-Ամուրի մայրուղին ժամանակին օգնել է Ռուսաստանին նոր շուկաներ բացել, դարձել է համաշխարհային նշանակության տրանսպորտային միջանցք:
«Դարասկզբին ԲԱՄ-ն օգնեց Ռուսաստանի տնտեսության համար բացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաները, հուսալի տարանցիկ երթուղի ապահովեց ողջ Եվրասիայի համար։ Տրանսսիբիրյան մայրուղու հետ միասնական կապով այն դարձել է ոչ միայն ազգային, այլև գլոբալ նշանակության ռազմավարական տրանսպորտային միջանցք», - ասել է նա։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ԲԱՄ-ի հետագա զարգացումը կնպաստի Ռուսաստանի արտահանման և տարանցիկ հնարավորությունների ավելացմանը:
ԲԱՄ-ը երկաթուղի է, որն անցնում է Ռուսաստանի Արևելյան Սիբիրով և Հեռավոր Արևելքով՝ 4324 կմ երկարությամբ։ Այն աշխարհի ամենամեծ երկաթուղային մայրուղիներից է, անցնում է երեք ժամային գոտիներով և Ռուսաստանի վեց շրջաններով: