ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել։ Այս մասին պարզ է դառնում օդանավակայանի կայքում տեղադրված ցուցատախտակի տվյալները համադրելով։
Հետաձգվածների թվում են Մոսկվայից, Սոչիից, Սանկտ Պետերբուրգից, Վենետիկից, Քիշնևից և այլ քաղաքներից ժամանող չվերթեր:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, աշխատանքները կշարունակվեն մինչև ժամը 13.30-ը, որից հետո օդանավակայանը կվերադառնա սովորական ռեժիմին։
Վենետիկ-Երևան չվերթը, որը, ըստ չվացուցակի, պետք է վայրէջք կատարեր ժամը 10.00-ին, դեռևս չի մեկնել, Իտալիայից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Ընդ որում, ուղևորներին ուշացման պատճառը բացատրում են նրանով, որ «Զվարթնոցը» փակ է։