ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում տևական խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է երկու հարևանների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին նպաստելու իր հաստատակամ հանձնառությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:
Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: