ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։
Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել:
«Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, հարվածել է նրան ու պատճառել մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։ Ձևավորվել է քննչական խումբ։
Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են:
Ի դեպ
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է բերման ենթարկվածների անունները`
1.Մասիս Շիրոյան
2. Արման Պետրոսյան
3. Գոռ Ասատրյան
4. Հենրիկ Մկրտչյան
5. Արամայիս Աղաբեկյան
6. Հրանտ Տեր-Աբրահամյան
7. Հովսեփ Ղազարյան:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։