Տավուշցիների հետ հանդիպումից առաջ Գրիգորյանը սահմանազատման գործընթացը քննարկել է Քվինի հետ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարների և ՀՀ փոխվարչապետի հանդիպումը նախատեսված է ժամը 18։00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները քննարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։ ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում:
Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր` ժամը 18։00–ին, Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարները կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։