ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը. հատուկ ներկայացուցիչ

Խավիեր Կոլոմինա
Խավիեր Կոլոմինան նշել է, որ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գրառում է արել X սոցցանցում։

«Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա կնքված համաձայնագիրը։ Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է», - նշել է Կոլոմինան։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ դաշինքն ակտիվորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։