ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ–ի և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կլաարին ընդունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։