ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր միաժամանակ անցկացվել են մի քանի ակցիաներ` ի պաշտպանություն տավուշցիների, որոնք դեմ են հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածություններին:
Մասնավորապես, «Նոր Հայաստան» կազմակերպության մի խումբ կանայք «Փաշինյանի դատավարությունը» ցուցապաստառով խորհրդանշական ակցիա անցկացրին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ` իրենց բողոքն արտահայտելով գործող իշխանությունների զիջողական քաղաքականության դեմ։
Վահագն Չախալյանը «Կամք» շարժման բողոքի ակցիայի ժամանակ
© Sputnik / Andranik Ghazaryan
«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Թուրքիա–Հայաստան առանց հայերի նախագիծը։ Պահանջում ենք, որ իրավապահները գործ հարուցեն նրա դեմ, իսկ խորհրդարանն անմիջապես անվստահության քվե հայտնի նրան։ Դատեք Նիկոլին»,– հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Բողոքի ակցիա անցկացվեց նաև ՀՀ կառավարության մոտ։ «Կամք» շարժման ներկայացուցիչները շենքի դիմաց բղավում էին «Կանգ առ, Մհեր», «Կանգ առ, Նիկոլ»։
Իսկ «Բաբոն տերա» կանանց կազմակերպության ներկայացուցիչները կառավարության մոտ էին եկել «Արթնացիր, արթնացիր» ցուցապաստառներով։
Դիմելով ՀՀ կառավարության ղեկավարին` նրանք վանկարկում էին «Եթե հանձնվել ես, հեռացիր, եթե պարտվել ես, հեռացիր, եթե ստում ես, հեռացիր և, ընդհանրապես, վերջապես հեռացիր»։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:
Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: