ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարները, ինչպես նաև մի քանի գյուղացիներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը (նա Տավուշի մարզպետի եղբայրն է)։
Նշենք, որ Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր, ժամը 18։00–ին, Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարները կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչից հետո միայն կորոշվեն հետագա քայլերը։
«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մի քանի գյուղացիներ պետք է ներկայացնեն կադաստրի վկայականով իրենց պատկանող հողերի վկայականները, որոնք, ըստ խոսակցության, կանցնեն մյուս (ադրբեջանական) կողմին»,–ասաց նա։
Ղալումյանը վստահ է, որ պետք է լուծում գտնել, որը, սակայն, իր տիրույթում չէ, այլ սահմանազատման հանձնաժողովի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Ապրիլի 19-ից Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Ճանապարհը փակ է։