ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները մի շարք մարդկանց հետ փակել են Օձուն–Ալավերդի և Գյումրի–Բավրա (դեպի Վերին Լարսի անցակետ տանող) ճանապարհները։
«Աջակցում ենք մեր տավուշցի ընկերներին, որոնք փորձում են պաշտպանել մեր հայրենիքը»,–ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Երևան–Թբիլիսի ճանապարհը
© Sputnik
Նշենք, որ վերջին օրերին Տավուշի մարզում անընդհատ լարված իրավիճակ է։ Տավուշցիները բողոքում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին պայմանավորվածության դեմ։ Այսօր առավոտից Ոսկեպարի եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Ոսկեպարի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։