ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ԵԱՏՄ-ՉԺՀ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի իրականացումը` երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման մասով, քննարկվել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումներն իրականացվում են ըստ նախատեսված ժամկետների: Մասնավորապես, կողմերը, ընդհանուր առմամբ, տվյալների որակի և ամբողջականության բարձր մակարդակի են հասել երկաթուղային փոխադրողների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ժամանակ:
«Ներկայումս պատրաստականության բարձր աստիճանի են գտնվում երկաթուղային ընկերությունների միջև համաձայնագրերը, որոնք թույլ կտան համագործակցության նոր մակարդակի անցնել։ Դիտարկում ենք նաև փոխգործակցության նոր, հեռանկարային ուղղությունները»,-նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Բացի այդ, կողմերը մանրամասն քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի մուտքը ՉԺՀ շուկա, ինչպես նաև «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի շրջանակներում լոգիստիկ երթուղիների ընդլայնման հնարավորությունները:
«Եվրասիական ագրոէքսպրեսը» արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման վերաբերյալ ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ նախագծի իրականացման նախաձեռնություն է:
«Եվրասիական ագրոէքսպրեսի» բեռնափոխադրումների ընդհանուր ծավալները 2023 թվականին գերազանցել են 450 հազար տոննան։ Ընդ որում, բեռնատար բազայի առանցքային անվանացանկը կազմել է յուղաճարպային, մրգաբանջարեղենային և պահածոների, հատիկաընդեղենային արտադրանքը, ինչպես նաև հավի և տավարի միսը: