ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը քրեակատարողական հիմնարկից դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:
«Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում»,–նշել է Տոնոյանը։
Նա ընդգծել է, որ գործը քննող դատարանը, և վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններն անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման:
Տոնոյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իր որոշումը պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը:
«Պատրաստվում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»,–գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Տոնոյանը հայտարարություն էր տարածել` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա շեշտել էր, որ եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈւ ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար: Տոնոյանը Փաշինյանին առաջարկել էր միասին խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ իրեն ուղղել հարցեր՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։