ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Կիվիրյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: Նա նաև ծանոթացել է թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը:
Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին
© Sputnik
Հարություն Կիվիրյանը երկրորդ անգամ է Հայաստանում։ Նա 30 տարեկան է, Մայկոպից է։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի ռազմական ուսումնարանում, ավարտելուց հետո դարձել է պահեստազորի լեյտենանտ։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի «Վոենմեխի» հրթիռատիեզերական տեխնիկայի ֆակուլտետը` «հրթիռաշինություն» մասնագիտությամբ։ 2023 թվականին «Ռոսկոսմոսի» ընդհանուր տիեզերական ուսուցման ծրագրի հաջող ավարտից հետո ստացել է տիեզերագնացի վկայական: Այս պահին տիեզերական թռիչքների փորձ Կիվիրյանը դեռ չունի։
2022 թվականին ընդգրկվել է ռուսական տիեզերական ջոկատի կազմում, ընտրվել է 2200 հավակնորդներից։ Նրա առաջին թռիչքը տիեզերք տեղի կունենա 2026-28 թվականներին։