ՀՀԿ-ն դիմում է ՌԴ-ին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը կասեցնելու համար

Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ կոչ անելով կասեցնել խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ու հարցի շուրջ գործընկերային քննարկում սկսել։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՀԿ գերագույն մարմինը։
Նշվում է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար, դա նաև լրջագույն հարված է հասցնելու արցախահայության վերադարձի տեսլականին:
«Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տպալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից»,- նշված է ՀՀԿ հայտարարության մեջ։
Նաև շեշտվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները, ինչի պիտի տեսանելի ու ընկալելի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար:
Միաժամանակ, ՀՀԿ-ն ընդգծում է՝ որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալներին, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:
Խաղաղապահների դուրսբերումը ԼՂ - ից դեմ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ՌԴ շահերին. Սարգսյան
ՀՀԿ-ն նաև կոչ է անում ազգովի համախմբմվել, սկսել քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով: Միաժամանակ, դիմում են նաև միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵՄ և ԱՄՆ գործընկերներին՝ առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը։