ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Վրաստանի իշխանությունները «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կարող են չեղարկել կամ վերանայել, եթե Վրաստանը Եվրամիության անդամ դառնա։ Այս հայտարարությունն արել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա օրենքը կարելի է շատ հեշտությամբ չեղարկել, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»,- ասել է նա:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։