ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ԶՈւ-ն գնդակոծել է Շեբեկինոյի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղը, հարվածների հետևանքով հղի կին է մահացել, ևս երեք մարդ վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Արկի բեկորից ծանր վնասվածքներ է ստացել գնդակոծության պահին փողոցով անցնող հղի կինը։ Շտապօգնության բրիգադը տուժածին Նովայա Տավոլժանկայից տեղափոխել է Շեբեկինսկի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկներն ամեն ինչ արել են մորն ու երեխային փրկելու համար, բայց նրանք, ցավոք, մահացել են»,-գրել է Գլադկովը Telegram-ում։
Մարզպետի խոսքով՝ ևս երեք մարդ վնասվածքներ են ստացել։ Բժիշկները կոնտուզիա և ազդրերի բեկորային վնասվածք ստացած կնոջը տեղափոխում են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Երկու տղամարդու օգնություն է ցուցաբերվել տեղում, տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից։
Բեկորների պատճառով նաև պատուհաններ են կոտրվել, վնասվել են 12 մասնավոր բնակելի տների ճակատամասերը, տանիքածածկն ու ցանկապատները, ինչպես նաև երկու մարդատար մեքենա։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Ուկրաինական ԶՈւ–ի գնդակոծության հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Նովայա Տավոլժանկա գյուղը ուկրաինական սահմանից մոտ կես կիլոմետր է հեռու։ Շեբեկինոյի շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին։