ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում սկսելու մասին լուրը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնագիրը», - ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: