Ճանապարհը կբացենք, երբ ռազմաքաղաքական ղեկավարությունը խելամիտ որոշում կայացնի. տավուշցի

Տավուշցիները փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը
Միհրան Մախսուդյանը շեշտեց` հակառակորդին հայկական գյուղերի բնակարանների մոտ «նստեցնելով»` վտանգում են ՀՀ պետականությունն ու անկախությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Տավուշ մարզում Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը փակած բնակիչները պատրաստ են բացել ճանապարհը, երբ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխի սահմանազատման վերաբերյալ իր որոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։

«Սա միայն ոսկեպարցու, բաղանիսցու կամ կիրանցիների խնդիրը չէ, այլ յուրաքանչյուր հայ ժողովրդի խնդիրը։ Հակառակորդին մեր գյուղի բնակարանների մոտ «նստեցնելով»` վտանգում են ՀՀ պետականությունն ու անկախությունը։ Հակառակորդն այս ամենից հետո հաստատ չի դադարեցնի իր պահանջները, ավելի շատ է ուզելու, ավելի ու ավելի։ Վերջում Երևանն է ուզելու, Երևա՞նն էլ եք տալու։ Ճանապարհը կբացենք այն ժամանակ, երբ ռազմաքաղաքական ղեկավարությունը խելամիտ որոշում ընդունի ու ներկայացնի ժողովրդին»,– նշեց Մախսուդյանը։

Նա ընդգծեց, որ երեկվանից սկսված իրենց բոլոր հավաքներն ինքնաբուխ են։
Միհրան Մախսուդյան
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: