ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 82 մլն 168 հազար դրամով գնել է 1080 ծառ, որից տնկվել է մոտ 400-ը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Այսինքն՝ կատարվել է նախատեսված ծրագրի գրեթե 12%-ը։ Կարճ ասած՝ կանաչապատումը ձախողվել է»,– նշում է թերթը։
Ըստ պարբերականի` «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երևանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին։
Քաղաքապետարանը գնել է նաև 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական և լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ։