ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վստահեցնում է, որ Տավուշի մարզի բնակիչներից թաքուն ոչինչ չի արվի։ Նա այդ մասին ասաց Կիրանց գյուղի մոտ բողոքի դուրս եկած տավուշցիների հետ հանդիպմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
Նախարարը նախ փորձեց պարզել, թե ինչ պահանջներ ունեն գյուղացիները։
«Ես փոքր ժամանակվանից աշխատել եմ, ստեղծել եմ, որ էստեղ ապրեմ։ Տղերքն իրենց արյունով այս հողերը պահել են, մենք էլ պետք է ապրենք էստեղ, որպեսզի այդ ամենը չկորցնենք»,– նշեց Կիրանցի բնակիչ Վոլոդյան։
Ղազարյանը վստահեցրեց, որ գյուղացիներին մտահոգող բոլոր հարցերը բարձրացվել են։
«Ձեր հետևում ոչինչ չի լինելու։ Ես օդում բառ ասող չեմ։ Ձեր հետևից սև գործ անող չկա, ձեզ խաբող չկա»,– վստահեցրեց նախարարը։
Գյուղացիներից մեկն էլ շեշտեց` սահմանը գծվել է զինվորի արյան գնով, բոլորով կռվել են ու թուրքից էլ ավել բան չեն վերցրել, պահել են իրենցը։ Նա կոչ արեց հարգել զոհված զինվորների արածն ու թափած արյունը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: