Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13.7 մլն դրամ վնասը վերականգնվել է

Գլխավոր դատախազություն
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված ավելի քան 13 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ դեռ 2023 թվականի դեկտեմբերին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊԸ–ներից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:
«Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում խախտել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 3000 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 1220 քմ հողատարածք»,– ասված է հաղորդագրությունում։
Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր 13 մլն 736 հազար դրամի վնասը 2024 թվականի ապրիլի 19-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է: