ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հարված չէր: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը` պատասխանելով NBC–ի հարցին, թե որևէ երկիր զգուշացրել էր, որ գրոհ է լինելու։
«Այդ երկու-երեք հարվածներն ավելի շատ նման էին այն խաղալիքներին, որոնցով մեր երեխաներն են խաղում, քան անօդաչու սարքերի: Դրա համար չարժեր մեզ նախապես ինչ-որ բան հաղորդել: Եթե Իսրայելը ցանկանում է արկածախնդրությամբ զբաղվել և գործել Իրանի շահերի դեմ, ապա մեր հաջորդ պատասխանը չի ուշանա։ Մենք կգործենք առավելագույն մակարդակով»,– ասել է նա։
Հիշեցնենք` ամերիկյան ԶԼՄ-ները ապրիլի 19-ին հայտնեցին, որ Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել: