ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ–ները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից։ X սոցիալական ցանցում այս մասին գրել է Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը։
Հարցին` անօդաչու սարքերը դրսի՞ց են արձակվել, թե՞ երկրի ներսում, Դալիրիանը պատասխանել է` հեռվից գալ չէին կարող։
«Նրանց թռիչքի հեռահարությունը շատ կարճ է։ Անկասկած, ներսից»,- նշել է Դալիրիանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը 3 խոցված կվադրոկոպտերի մասին է։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել: