Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Վահան Հովհաննիսյան
Փաստաբանի խոսքով` պաշտոնյան ոտք դրել է անձի գլխին, հարկադրել, որ հանի շորերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Անձին վկայի կարգավիճակով կանչել են Երևանի Շենգավիք վարչական շրջանի քննչական բաժին ու խոշտանգման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որում այդ տղամարդուն պատգարակով տեղափոխում են շտապօգնության մեքենա։
Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` երբ վկան ցուցմունք է տվել, նրան ասել են, որ հագուստը պետք է առգրավեն։ Վկան (փաստաբանը գործի ու վկայի անուն–ազգանունը չցանկացավ ասել.խմբ.) հրաժարվել է, քանի որ չի ցանկացել մերկանալ, հատկապես երբ 2–րդ հագուստ իր հետ չի ունեցել։
«Բացի այդ, վկան ասաց, որ ինչպես ցուցմունքը կարող է իր դեմ օգտագործվել, այնպես էլ հագուստը, այդ պատճառով հրաժարվեց հագուստները տալ։ Քննիչն ասաց, որ հարկադրաբար են հանելու հագուստները։ Դրանից հետո եկան քրեական հետախուզության աշխատակիցներ, նրան գցեցին գետնին, քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի ամբողջ հագուստը վրայից հանեն։ Այդ ամբողջն ուղեկցվեց ֆիզիկական ու հոգեբանական բռնություններով, սպառնալիքներով։ Անձի վրա հիմա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,– ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ խոշտանգումները շարունակվել են մոտ 20-25 րոպե, անձի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Հովհաննիսյանի խոսքով` իրավապահները չեն ցանկացել անգամ շտապօգնություն կանչել, սակայն, ի վերջո, կանչել են ու անձին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։ Այս պահին նա հետազոտություններ է անցնում հիվանդանոցում։
«Եթե հետագայում սա արձագանք չունեցավ, իրավական գնահատական չտրվեց պետության կողմից, ապա կդառնա նախադեպ բոլոր վկաների նկատմամբ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա ավելացրեց, որ այս դեպքում խոսքը կասկածյալի կամ մեղադրյալի մասին չէ, թեև անգամ նրանց նկատմամբ իրավունք չունեն բռնություն կիրառելու։ Սա վերաբերում էր ամենասովորական քրեական գործով հարցաքննված սովորական վկային։
Դեպքի վերաբերյալ փաստաբանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։