ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
Նա պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Բարերարի ընտանիքը հայտնել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել ապրիլի 5-ից։ Նման որոշում է կայացվել միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, թափանցիկ ու արդար դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և փաստաբանի բազմաթիվ դիմումներից հետո։
«Հատկանշական է, որ հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուբեն Վարդանյանի ավագ որդին` Դավիթը նշել է, որ խորապես մտահոգված է իր հոր առողջությամբ և վիճակով. ավելի քան 200 օր չեն տեսել նրան։
«Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը։ Պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց: Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգնվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը»,– ասված է ընտանիքի հայտարարությունում։
Բարերարի ընտանիքը նաև ընդգծում է, որ Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է, ազդեցիկ գործարար, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում և համաշխարհային կրթական ծրագրերում:
Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյայի առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։
Վարդանյանի պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:
Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։
«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, հյուրընկալելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է, որ COP 29-ն Ադրբեջանում տեղի չունենա՝ առանց նշված քայլերի իրագործման:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։