ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի քննչական բաժնում տեղի ունեցած խոշտանգման մասին հայտարարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ մի տղամարդու Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինից պատգարակով մոտեցնում են շտապօգնության մեքենային։ Փաստաբանը նշել էր, որ այդ անձին վկայի կարգավիճակով կանչել են վերոհիշյալ բաժին ու խոշտանգման ենթարկել։
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են»,– գրել է ՀՀ ՔԿ խոսնակը։
Գոռ Աբրահամյանը գրել է, որ անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չի կարող լինել։
«Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,– գրել է նա։
Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ։