ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել․ հայտարարություն

Ռաֆայել Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ հետևում է իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել։ Այս հայտարարությունն արել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), երբ տեղեկացել է, որ Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին:
«ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շարունակում է զսպվածության կոչ անել բոլորին և կրկին հայտարարում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ դառնան ռազմական հակամարտություններում: ՄԱԳԱՏԷ-ն ուշադիր հետևում է իրավիճակին», - ասված Է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։