Իրանի դեսպանը չի մեկնաբանել ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը

ՌԴ խաղաղապահ. արխիվային լուսանկար
Իրանը համապատասխան վերաբերմունք ցույց կտա, եթե Իրանի տարածքային ամբողջականության համար վտանգավոր որևէ քայլ ձեռնարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը:
«Ռուս խաղապահների մասին հարցն ավելի ճիշտ կլինի` տաք Ռուսաստանի դեսպանին»,– ասել է նա։
Անդրադառնալով նրանց հեռանալու հետ կապված անվտանգության հնարավոր ռիսկերի մասին հարցին՝ դեսպանը հայտարարել է, որ չի կարծում, թե Իրանի հարևանները իրենց անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություններ կձեռնարկեն:
«Եթե որևէ փորձ ձեռնարկվի, որը վտանգավոր կլինի Իրանի տարածքային ամբողջականության համար, մենք դրա հետ չենք համակերպվի և համապատասխան վերաբերմունք ցույց կտանք»,– ասել է նա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Սակայն 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանը նոր ագրեսիա իրականացրեց` լայնամասշտաբ հարձակում սկսելով Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, սկսվեց բնակչության բռնի տեղահանումն ու Արցախը հայաթափվեց։